| 1. | Պայմանագիր |
| 1.1. | Սույն Պայմանները սահմանում են «ՎիվաՍել-ՄՏՍ» և այլ ապրանքային նշանների ներքո գործող «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության (ստորև` «Օպերատոր») կողմից հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները: |
| 1.2. | Օպերատորի գովազդը կամ Ծառայությունների այլ կերպ ներկայացումը Պայմանների և որևէ սակագնային պլանի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր է: |
| 1.3. | Բաժանորդագրման օֆերտան համարվում է Օպերատորի կողմից ակցեպտավորված (հաստատված) Ծառայություններն ակտիվացնելու պահից, և այդ պահից օֆերտան և Պայմանները, համապատասխան սակագնային պլանի պայմանների հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված, կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր»): |
| 1.4. | Չհակասելով այլ դրույթներին` սույն Պայմանները հանդիսանում են Օպերատորի կողմից նախկինում կատարված հրապարակային օֆերտայի հիման վրա նույն առարկայի վերաբերյալ կնքված պայմանագրերի պայմանները 2011թ. սեպտեմբերի 10-ից փոփոխելու հրապարակային օֆերտա: Մինչև նշված ամսաթիվը Պայմանների վերաբերյալ գրավոր առարկություն և նախկինում կնքված պայմանագրի դադարման պահանջ չստանալու դեպքում սույն Պայմանները կհամարվեն Բաժանորդի կողմից գործողությամբ ամբողջությամբ ակցեպտավորված, եթե նշված ամսաթվից հետո բաժանորդը շարունակի օգտվել Ծառայություններից: |
| 2. | Սահմանումներ |
| | Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը. «Անձնական հաշիվ». Բիլինգային համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդից ստացվող վճարումների և նրան մատուցվող ծառայությունների հաշվառման համար: «Բաժանորդ». ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ակցեպտավորել է սույն հրապարակային օֆերտան: «Բաժանորդային սարքավորում». Օպերատորի շարժական ցանցի և SIM քարտի հետ համատեղելի հեռախոսային կամ այլ սարքավորում, որի միջոցով Բաժանորդը կարող է օգտվել Ծառայություններից: «Բիլինգային համակարգ». հաշվարկների վարման ավտոմատացված համակարգ: «Գաղտնաբառ». տառերի և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի (լիազորված անձի) նույնականացման համար: «Ծառայություններ». Օպերատորի կողմից Պայմանագրի համաձայն մատուցվող շարժական էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ: Օպերատորի կողմից նախատեսված դեպքերում` Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի կողմից նշված երրորդ անձանց կողմից: Բացի այդ, Օպերատորը հնարավորություն է ընձեռում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները Բաժանորդին հասանելի դարձնելու համար` նման երրորդ անձանց հետ հարաբերություններում հանդես գալով որպես Բաժանորդի գործակալ, որը գործում է սեփական անունից, սակայն Բաժանորդի հաշվին և հանձնարարությամբ: «Կողմ». Պայմանագրի կողմ հանդիսացող անձ` Օպերատորը կամ Բաժանորդը: «Հեռախոսի համար». համարագրման պլանի համար, որն օգտագործվում է շարժական ցանցում Բաժանորդի կամ այլ թույլատրելի օգտագործողի նույնականացման և Պայմանագրի համաձայն Ծառայությունների մատուցման նպատակով: «Պայմաններ». սույն ընդհանուր պայմանները: «Օպերատոր». սույն Պայմանների 1.1. կետում նշված ընկերությունը, որը պատշաճ կերպով հիմնադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ: «SIM քարտ». տեխնիկական հարմարանք, որին վերագրված է Հեռախոսային համար և որը Բաժանորդի կողմից Բաժանորդային սարքավորման հետ միասին օգտագործվում է Ծառայությունները ստանալու համար: Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրված SIM քարտը մնում է Օպերատորի սեփականությունը և այն չի կարող Բաժանորդի կողմից օտարվել երրորդ անձի: Ինքնին SIM քարտն առևտրային արժեք չի ներկայացնում: SIM քարտը նախատեսված է անհատական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ սակագնային պլանով: |
| 3. | Ծառայություններ |
| 3.1. | Ծառայությունների նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից: |
| 3.2. | Ծառայությունները մատուցվում են Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում: |
| 3.3. | Այլ բան սահմանված չլինելու դեպքում Ծառայությունները մատուցվում են շուրջօրյա, առանց ընդհատումների, տարվա բոլոր օրերին: Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որոնց մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով: Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները վերացնելու համար: |
| 3.4. | Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդը սեփական հայեցողությամբ և ծախսով ձեռք է բերում և օգտագործում է Օպերատորի կողմից և օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող (եթե այդպիսիք սահմանված են), Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ համատեղելի Բաժանորդային սարքավորում: |
| 3.5. | Օպերատորն իրավունք ունի կիրառելու հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից վաճառվող և/կամ օգտագործման/տիրապետման իրավունքով տրամադրվող Բաժանորդային սարքավորումների նկատմամբ: |
| 3.6. | Բաժանորդն ապահովում է Օպերատորի կողմից տրամադրված SIM քարտի պահպանությունը: Այն դեպքում, երբ Օպերատորը տեղեկացված չէ SIM քարտի կորստի կամ հափշտակման մասին, համարվում է, որ SIM քարտն օգտագործվում է Բաժանորդի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ և թույլտվությամբ: |
| 3.7. | Ծառայությունների ստացման հնարավորությունը, դրանց տեխնիկական և/կամ որակական հատկանիշները կարող են կախված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` Բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, այլ օպերատորների ցանցերի անկանոն աշխատանքից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների նորմալ շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, տեղանքի առանձնահատկություններից և օդերևութաբանական պայմաններից: |
| 3.8. | Մատուցվող ծառայությունների ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` Պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն: |
| 3.9. | Տեխնիկական անհրաժեշտության կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքում Օպերատորը կարող է փոփոխել Հեռախոսի համարը` այդ մասին նախապես ծանուցելով Բաժանորդին: |
| 3.10. | Բաժանորդին մատուցված Ծառայությունների ծավալը որոշվում է Բիլինգային համակարգի կողմից, այդ թվում` այլ ծառայություններ մատուցողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա: |
| 3.11. | Օպերատորը պարտավոր չէ 3 (երեք) ամսից ավելի պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկատվությունը: |
| 4. | Օպերատորի իրավունքներն ու պարտավորությունները |
| 4.1. | Օպերատորը պարտավոր է |
| | 4.1.1. | Պայմանագրի գործողության ընթացքում Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդին հատկացնել Հեռախոսի համար և տրամադրել SIM քարտ, եթե տվյալ Ծառայությունից օգտվելու համար դրանք անհրաժեշտ են: |
| | 4.1.2. | Առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու հնարավորություն: |
| | 4.1.3. | Բաժանորդին տրամադրել տեղեկատվություն Օպերատորի շարժական ցանցի ծածկույթի, Բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանով նախատեսված Ծառայությունների ցանկի, Ծառայությունների մատուցման պայմանների, մատուցված Ծառայությունների ծավալի և Անձնական հաշվի մնացորդի մասին: |
| | 4.1.4. | Բաժանորդի պահանջով տրամադրել մատուցված Ծառայությունների վերծանումները, ինչի համար Օպերատորը կարող է գանձել ծառայության վճար: |
| 4.2. | Օպերատորն իրավունք ունի |
| | 4.2.1. | Պայմանագրով կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն սահմանելու և ժամանակ առ ժամանակ փոփոխելու սակագնային պլանները, Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, սակագները և կանոնները: |
| | 4.2.2. | Կարճաժամկետ սահմանափակում կիրառելու Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից: |
| | 4.2.3. | Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում միակողմանիորեն կասեցնելու Ծառայությունները (դրանց մասը) կամ դադարեցնելու Պայմանագիրն` առանց որևէ ծանուցման: |
| | 4.2.4. | Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում կիրառելու պատասխանատվության միջոցներ: |
| 5. | Բաժանորդի իրավունքներն ու պարտավորությունները |
| 5.1. | Բաժանորդը պարտավոր է |
| | 5.1.1. | Կատարել Պայմանագրի և Ծառայությունների մատուցման պայմանների և կանոնների պահանջները, հետևել դրանց փոփոխություններին: |
| | 5.1.2. | Ժամանակին վճարել Ծառայությունների դիմաց, իսկ նախատեսված դեպքերում կատարել երաշխիքային դեպոզիտ կամ կանխավճար: |
| | 5.1.3. | SIM քարտը պահպանել պատշաճ և ապահով վիճակում և չթույլատրել SIM քարտի օգտագործումը նման լիազորություն չունեցող անձանց կողմից: |
| | 5.1.4. | Չօգտագործել Ծառայությունները օրենքին հակասող նպատակներով: |
| | 5.1.5. | Առանց Օպերատորի գրավոր համաձայնության չօգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու, գովազդ կամ զանգվածային հաղորդագրություններ տարածելու, քվեարկություններ, վիճակախաղեր կամ մրցույթներ կազմակերպելու համար: |
| | 5.1.6. | Չօգտագործել SIM քարտը որևէ անհամատեղելի սարքի հետ և որևէ եղանակով, որը կարող է ազդել հեռահաղորդակցության ցանցերի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա: |
| | 5.1.7. | Չօգտագործել SIM քարտը և Բաժանորդային սարքավորումը վայրերում, որտեղ դրանց օգտագործումն արգելված կամ սահմանափակված է (օրինակ` ավտոլցակայանում, օդանավում, մշակույթի օջախներում և այլն): |
| | 5.1.8. | Զերծ մնալ Ծառայությունների այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող են խախտվել Օպերատորի կամ այլ անձանց իրավունքները, կամ նրանց կարող է պատճառվել անհարմարություն: |
| | 5.1.9. | Անհապաղ տեղեկացնել Օպերատորին SIM քարտի կորստի կամ հափշտակման մասին` Օպերատորին ներկայացնելով SIM քարտի նկատմամբ իրավունքները և Բաժանորդի (լիազորված անձի) ինքնությունը հաստատող բավարար ապացույցներ: |
| 5.2. | Բաժանորդն իրավունք ունի |
| | 5.2.1. | Օպերատորի մոտ տեխնիկական հնարավորության սահմաններում ստանալու տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, կիրառվող սակագների, մատուցված Ծառայությունների ծավալի, գանձված գումարների և Անձնական հաշվի ընթացիկ մնացորդի մասին: |
| | 5.2.2. | Օրենսդրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում և տեխնիկական հնարավորության սահմաններում հրաժարվելու Օպերատորի կողմից շարժական ցանցի միջոցով տարածվող գովազդային և/կամ տեղեկատվական հաղորդագրությունների ստացման հնարավորությունից, որն այլապես համարվում է տրված: |
| 6. | Հաշվարկներ |
| 6.1. | Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակվում են Օպերատորի վեբ կայքում և ներկայացվում Օպերատորի սպասարկման կենտրոններում: |
| 6.2. | Կախված սակագնային պլանից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն: |
| 6.3. | Բաժանորդը պետք է անհապաղ գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցի Օպերատորի համապատասխան ծառայություններին SIM քարտի կորստի կամ հափշտակության մասին, իսկ Օպերատորը պետք է շուտափույթ գործողություններ ձեռնարկի SIM քարտի սպասարկումը դադարեցնելու ուղղությամբ Բաժանորդի պատշաճ ծանուցումը ստանալու պահից սկսած 24 (քսանչորս) ժամվա ընթացքում: Բաժանորդը կրում է SIM քարտի կորստի, հափշտակման, վնասման (այդ թվում` բնական մաշվածության) հետ կապված ռիսկերը: Մինչև SIM քարտի սպասարկումը դադարեցնելը դրա տիրապետողին մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները գանձվում են Բաժանորդից: |
| 6.4. | Օպերատորը կարող է գանձել վճար կասեցված Ծառայությունները վերականգնելու, անջատված SIM քարտը վերամիացնելու, կորցրած/հափշտակված կամ փչացած SIM քարտը նոր SIM քարտով փոխարինելու համար: |
| 6.5. | Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ Ծառայությունների համար գանձվող գումարները կարող են Անձնական հաշվում արտացոլվել ուշացումով (օրինակ` ռոումինգային ծառայությունների դեպքում): |
| 6.6. | Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող: |
| 6.7. | Կանխավճարային բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից. |
| | 6.7.1. | Ծառայությունները մատուցվում են Անձնական հաշվում առկա միջոցների և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում: |
| | 6.7.2. | Օպերատորը սեփական հայեցողությամբ կարող է ապառիկ հիմունքներով Ծառայություններ մատուցել Բաժանորդին, և, նման Ծառայություններից օգտվելու դեպքում, Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետում մարել մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները: |
| | 6.7.3. | Մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարները ուղղակիորեն նվազեցվում են Անձնական հաշվի մնացորդից, և Օպերատորն ապահովում է հնարավորություն Անձնական հաշվի մնացորդն էլեկտրոնային կամ այլ եղանակով ստուգելու համար: |
| | 6.7.4. | Կանխավճարված գումարը սահմանված ժամկետում, որի տևողությունը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել 3 (երեք) տարին, ամբողջությամբ օգտագործված չլինելու դեպքում Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ և առանց ծանուցման զրոյացնել Անձնական հաշվի մնացորդը: |
| | 6.7.5. | Բաժանորդը պարտավոր է սակագնային պլանով նախատեսված ժամկետներում կատարել կանխավճար («վերալիցքավորել» SIM քարտը) և այլ կիրառելի վճարումներ: |
| | 6.7.6. | Անձնական հաշվի վրա միջոցների բացակայության դեպքում Օպերատորը կարող է առանց ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը: |
| | 6.7.7. | Սակագնային պլանով նախատեսված ժամկետում Անձնական հաշվի մնացորդի համալրմանն ուղղված վճարում չստանալու, ինչպես նաև անկախ պատճառներից` ելքային հաղորդակցությունների ավելի քան 6 (վեց) ամսվա ընթացքում անընդմեջ արգելափակված լինելու դեպքում Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ, առանց որևէ ծանուցման, SIM քարտի սպասարկման դադարեցման միջոցով լուծել Պայմանագիրը: |
| | 6.7.8. | Կանխավճարների ստացման գործընթացը հեշտացնելու նպատակով, Օպերատորը կարող է թողարկել կանխավճարային (վերալիցքավորման) քարտեր կամ թույլատրել վճարման այլ եղանակներ: |
| | 6.7.9. | Կանխավճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ այն դեպքերի, երբ Ծառայությունների մատուցումը հնարավոր չէ: |
| 6.8. | Հետվճարային (ապառիկ) բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից. |
| | 6.8.1. | Օպերատորը պարտավոր է Բիլինգային համակարգի տվյալների հիման վրա պատրաստել ամսական ամփոփ հաշիվներ և դրանք հասանելի դարձնել համապատասխան սպասարկման կենտրոններին մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը: |
| | 6.8.2. | Հաշիվները կարող են դուրս գրվել և պահվել էլեկտրոնային տեսքով: |
| | 6.8.3. | Սակագնային պլանով նախատեսված լինելու կամ Բաժանորդի կողմից պատվիրված լինելու դեպքում ամփոփ հաշիվները փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին: |
| | 6.8.4. | Ցանկացած դեպքում Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել իր ամսական պարտքը և մարել այն մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը: |
| | 6.8.5. | Վճարման պարտավորությունը համարվում է կատարված այն պահին, երբ վճարված գումարը հանձնվում է Օպերատորի դրամարկղ կամ` մուտքագրվում Օպերատորի բանկային հաշվին: Բանկային վճարումները, ինչպես նաև Օպերատորի գործակալների միջոցով կատարված վճարումները, արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը: |
| | 6.8.6. | Բաժանորդը պարտավոր է ժամանակին կատարել վճարումները` անկախ վճարման եղանակից, առաքված ամսական հաշվի ստացման փաստից, և հաշվի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հանգամանքից: |
| | 6.8.7. | Վճարում կատարելիս` Բաժանորդը պարտավոր է վճարման փաստաթղթում ճշգրիտ նշել իր հեռախոսի համարը: |
| | 6.8.8. | Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ և, մասնավորապես, Բաժանորդի վարկային պատմության ոչ բավարար լինելու դեպքում, կիրառել օգտագործման սահմանափակումներ: |
| | 6.8.9. | Բաժանորդը կարող է ուղղակի պարտագրման պայմանավորվածություններ ձեռք բերել Օպերատորի կողմից ընդունելի բանկի հետ, որով կլիազորի Օպերատորին գանձել ամսական հաշիվները Բաժանորդի բանկային հաշվից կամ վարկային քարտից և ստանալ տեղեկատվություն գանձված գումարների կամ գումարն ամբողջությամբ գանձելու անհնարինության մասին: |
| | 6.8.10. | Վճարումները սահմանված ժամկետում չստանալու և/կամ նախատեսված սահմանափակումները գերազանցելու դեպքում Օպերատորն իրավունք ունի առանց որևէ ծանուցման արգելափակելու ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Վճարումը սահմանված ժամկետից հետո 2 (երկու) շաբաթվա ընթացքում չստանալու դեպքում Օպերատորն իրավունք ունի ամբողջությամբ կասեցնելու Ծառայությունները: Ծառայությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելափակելը/կասեցնելը հիմք չէ ամսական բաժանորդավճարը չհաշվարկելու համար: |
| | 6.8.11. | Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում Պայմանագիրը կհամարվի դադարեցված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը 2 (երկու) ամսվա ընթացքում չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար` անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից: |
| | 6.8.12. | Եթե Բաժանորդն օգտվում է մեկից ավելի Հեռախոսի համարներից և սահմանված ժամկետում ամբողջությամբ չի վճարել որևէ Հեռախոսի համարի ամսական հաշիվը, ապա Օպերատորը կարող է կիրառել 6.8.10. կետում նշված միջոցները Բաժանորդի բոլոր SIM քարտերի նկատմամբ: |
| | 6.8.13. | Օպերատորն իրավունք ունի օգտագործելու Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի գումարը Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար: |
| | 6.8.14. | Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ ԱՄՆ դոլարով ինդեքսավորելու ժամկետանց վճարումների գումարները: |
| 7. | Բաժանորդի տվյալները |
| 7.1. | Բաժանորդը պարտավոր է Օպերատորի պահանջով և Օպերատորի կողմից ընդունելի եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. |
| | 7.1.1. | Ֆիզիկական անձը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ: |
| | 7.1.2. | Իրավաբանական անձը` պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իրավաբանական անձի կնիքով (եթե իրավաբանական անձն ունի կնիք), և իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը: |
| 7.2. | Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված անձի ստորագրությամբ, և անձը հաստատող փաստաթուղթ: |
| 7.3. | Անհրաժեշտության դեպքում Օպերատորը կարող է Բաժանորդից պահանջել նաև այլ փաստաթղթեր կամ փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճեններ: |
| 7.4. | Եթե փաստաթղթերի տրամադրումը պահանջվել է Օպերատորի կողմից, ապա դրանցով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 1 (մեկ) ամսվա ընթացքում հայտնել այդ մասին Օպերատորին: |
| 7.5. | Օպերատորը պարտավոր չէ վերականգնել կորցրած/հափշտակված SIM քարտը կամ SIM քարտին վերագրված Հեռախոսի համարը, եթե Օպերատորի մոտ Բաժանորդի անձնական տվյալները հաշվառված չլինելու պատճառով հնարավոր չէ հաստատել Բաժանորդի ինքնությունը: |
| 8. | Գաղտնիություն |
| 8.1. | Բաժանորդի մասին տվյալները, նրան մատուցված Ծառայությունների տեսակի, վայրի, ժամանակի և ծավալի մասին տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն բացահայտվում Օպերատորի կողմից, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է Օպերատորի իրավունքների պաշտպանության համար, այդ թվում` ժամկետանց պարտավորությունների զիջման դեպքում: |
| 8.2. | Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում Օպերատորն իրավունք ունի փոխանցելու Բաժանորդի անհատական տվյալները և պարտքի չափի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում գործող բանկերին, այլ ֆինանսական կազմակերպություններին` Բաժանորդի կամ նրա կողմից լիազորված անձանց կողմից պարտքի չափի ճշտում և վճարում կատարելու հնարավորության ստեղծման համար: |
| 9. | Պատասխանատվություն |
| 9.1. | Բաժանորդը սեփական ռիսկով է օգտվում Օպերատորի և երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Օպերատորը չի կարող որոշել ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին: |
| 9.2. | Յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս Կողմին պատճառած իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: |
| 9.3. | Օպերատորը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանման հետևանքով Ծառայությունների ընդհատման կամ այլ խափանման համար: |
| 9.4. | Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի վճարված միջին ամսական գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համապատասխան` համամասնորեն հաշվարկված գումարը: |
| 10. | Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր) |
| | Կողմերը պատասխանատվություն չեն կրում Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու համար, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության: |
| 11. | Կիրառվող օրենսդրությունը |
| | Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերի: |
| 12. | Պայմանագրի լեզուն |
| | Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Բաժանորդի հարմարության համար Պայմանագիրը, ինչպես նաև կիրառվող սակագները և կանոնները կարող են թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով, սակայն նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը: |
| 13. | Բողոքների ներկայացման և վեճերի լուծման կարգը |
| 13.1. | Բաժանորդը պարտավոր է ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին Ծառայությունների մատուցման համապատասխան ամսվա ավարտից հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում, և եթե սահմանված ժամկետում Բաժանորդը որևէ անհամապատասխանության մասին չի հայտնել Օպերատորին, ապա հաշիվը համարվում է Բաժանորդի կողմից անվերապահորեն հաստատված և ընդունված, և Օպերատորը չի ընդունի այդ հաշվի ժամանակահատվածին վերաբերող որևէ հետագա պահանջներ և առարկություններ: |
| 13.2. | Դժգոհություններ կամ առաջարկներ ունենալու դեպքում Բաժանորդը կարող է դիմել Օպերատորին` ներկայացնելով գրություններ, այդ թվում` էլեկտրոնային փոստով, այցելելով Օպերատորի սպասարկման կենտրոններ կամ զանգահարելով Օպերատորի «թեժ գիծ» շուրջօրյա ծառայություն: Օպերատորը իր կողմից սահմանված կանոնների համաձայն ընդունում է բողոքների և առաջարկների վարման ներքին ընթացակարգեր, որոնք փակցվում են սպասարկման կենտրոններում և տեղադրվում Օպերատորի վեբ կայքում: Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկներին իր կողմից ընդունված ընթացակարգերով սահմանված ժամկետներում և կարգով: Բաժանորդի պահանջով գրավոր բողոքներին և առաջարկներին պետք է տրվի գրավոր պատասխան: |
| 13.3. | Կողմերը պետք է ձգտեն լուծել ծագած վեճերը բարյացակամորեն` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերն ընդդատյա են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին: Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի վեճերի լուծման համար դիմելու 15-րդ կետում նշված` Օպերատորի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի դատարաններին: |
| 14. | Գործողության ժամկետը և Պայմանագրի պայմանների փոփոխումը |
| 14.1. | Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում 2011թ.-ի սեպտեմբերի 10-ից: Նշված ամսաթվից Օպերատորի կողմից նախկինում կատարված կանխավճարային և հետվճարային ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտան («Շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ») համարվում է ուժը կորցրած, և բոլոր նոր բաժանորդագրությունները պետք է կարգավորվեն սույն Պայմաններով: |
| 14.2. | Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող սակագնային պլանները և Ծառայությունների մատուցման այլ պայմանները և կանոնները մնում են ուժի մեջ: |
| 14.3. | Այլ բան սահմանված չլինելու դեպքում Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: |
| 14.4. | Բաժանորդն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` այդ մասին առնվազն 5 (հինգ) օր առաջ կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ ժամկետում գրավոր ծանուցելով Օպերատորին և կատարելով վերջնահաշվարկ փաստացի մատուցված Ծառայությունների համար: |
| 14.5. | Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում, ինչպես նաև օրենքով, Պայմանագրով, սակագնային պլանով կամ Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններով նախատեսված դեպքերում: |
| 14.6. | Պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է անհապաղ մարել բոլոր պարտավորությունները Օպերատորի նկատմամբ: |
| 14.7. | Պայմանագրի լուծման հետևանքով և/կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով Հեռախոսի համարի ազատման դեպքում Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ օգտագործելու այն: |
| 14.8. | Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) Պայմանագրի պայմանները, այդ թվում` կիրառվող սակագնային պլանները, սակագները և կանոնները փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 3 (երեք) օր առաջ Օպերատորի պաշտոնական վեբ կայքում հրապարակելու և սպասարկման կենտրոններում հայտարարելու, ինչպես նաև. անհրաժեշտության դեպքում` այդ մասին Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում ունեցող առնվազն մեկ զանգվածային լրատվամիջոցում հրապարակային հայտարարություն տեղադրելու միջոցով: |
| 14.9. | Պայմանագրի 14.8. կետի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնելու Պայմանագիրը` մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Օպերատորին, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ Օպերատորի կողմից և Բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի Բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված): |
| 15. | Օպերատորի վավերատարրերը |
| | «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1 ՀՎՀՀ 01551651, Հ/հ 247011333330 «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում |
|
Ծանոթություն Հետվճարային քարտի համար արտերկրից վճարում կատարվելու դեպքում Օպերատորը, ղեկավարվելով «Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների» 5.1.4 և 4.2.4 կետերով, իրավունք է վերապահում իրեն պայմանագրի դադարման կամ համապատասխան այլ դեպքերում չվերադարձնելու անձնական հաշվին առկա գումարը` ամբողջությամբ կամ արտերկրից ստացված բոլոր վճարումների գումարի չափով, եթե ընկերության համոզմամբ բաժանորդի գործողություններում առկա է օրենսդրությամբ արգելված գործողություն: |