ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ավելի քան տասնամյա փորձն ու անցած ճանապարհը ուղեցույց կարող են լինել և՛ բիզնես կառավարման գործով, և՛ առաջնորդությամբ հետաքրքրվողների համար: Տարիներ շարունակ, տարբեր լսարանների առջև կազմակերպվող դասախոսությունների ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է հաջողության հասնելու, հեռահաղորդակցության ոլորտի ու հասարակության զարգացմանն աջակցելու քաղաքակիրթ ճանապարհները: Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, «Բիզնես-առաջնորդություն» առարկայի շրջանակներում, Ռալֆ Յիրիկյանը համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները` կոնկրետ օրինակներով և խոսել անհատական այն հատկանիշների մասին, որոնք պետք է իր մեջ զարգացնի ապագա ղեկավարը:
Ինտերակտիվ շփման ընթացքում, ուսանողները ծանոթացել են հեռահաղորդակցության ոլորտում ավելի քան տասը տարի առաջատարի դիրքեր զբաղեցնող և թեժ մրցակցային պայքարում այն պահպանող ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մշակույթին: «Այսօր ես ձեզ հակիրճ կներկայացնեմ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում տիրող աշխատանքային միջավայրը: Այստեղ աշխատակիցներն իրենց լիովին ապահով և պաշտպանված են զգում: Ինչու՞: Որովհետև այստեղ հարգվում են մարդու իրավունքները և անգամ սխալ գործելու դեպքում աշխատակիցները երբևէ չեն զգում աշխատանքը կորցնելու վտանգի զգացողություն: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ում խրախուսվում է, որ ղեկավարներն ավելի լավ կատարել իրենց պարտականությունները, աշխատակիցների հետ պահպանեն մշտական կապ և պահպանվի վստահության մթնոլորտ», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է կազմակերպության երկարաժամկետ զարգացման հիմնական գործոնները. «Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը, սպառողի օրեցօր փոփոխվող նախասիրություններն ու պահանջները բավարարելու անհրաժեշտությունը, թեժ մրցակցությունը ստիպում են անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ: Այդ ամենով հանդերձ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքերը՝ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլև երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ: Աշխատանքային առողջ միջավայրը, նոր չափանիշներ սահմանելու համարձակությունը, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամքը, հասարակության առջև ստանձնած պատասխանատվությունը և արդյունքի հասնելու հետևողականությունը կազմակերպության երկարատև զարգացման հիմքերն են»:
Առաջնորդությունը ներկայացնելով որպես հմտություն՝ Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես ասել է. «Առաջնորդությունը նույնպիսի հմտություն է, ինչպես մեզ հայտնի շատ այլ հմտություններ ու ունակություններ: Իսկ յուրաքանչյուր հմտություն ենթադրում է զարգացման շարունակական գործընթաց: Երբ առաջնորդները նպաստում են աշխատակիցների` գնահատված և ապահով զգալուն, վստահությունը և համագործակցության պատրաստակամությունն ապահովված են լինում»: Սեփական փորձի հիման վրա՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին մի շարք խորհուրդներ է տվել: Ըստ Յիրիկյանի՝ երիտասարդները պետք է մտածեն ոչ թե միանգամից առաջնորդ լինելու և արագ եկամուտ ստանալու մասին, այլ հետևողական քայլեր կատարեն: «Պետք է ավելի շատ աշխատե՛ք ու գտնեք այն նախադրյալը, որն առկա է ձեր մեջ: Միգուցե այն դառնա հմտություն, դառնա մասնագիտություն: Հենց դա էլ ձեր հաջողության և ինչու ոչ՝ առաջնորդության գրավականն է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Առաջնորդին հատուկ որակների մասին խոսելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է. «Լավ առաջնորդությունը առանձնանում է նրանով, որ առաջնորդի կողմից կատարված ցանկացած գործողության հիմքում վստահությունն ու ազնվությունն են: Աշխատակիցը ամեն կերպ կձգտի աջակցել ղեկավարին՝ ընկերության կողմից սահմանված նպատակներին հասնելու հարցում: Աշխատակիցը հստակ պատկերացում կունենա այն մասին, թե դեպի ուր է գնում կազմակերպությունը: Արդյունքում՝ աշխատակիցն իրեն կզգա գնահատված և պաշտպանված՝ վստահ լինելով, որ ղեկավարը միշտ հոգ է տանում իր մասին»: Այնուհետև Յիրիկյանը հավելել է. «Չեմ կարծում, որ շատ առաջնորդների ուշադրության կենտրոնում հենց առաջնորդ դառնալն է եղել: Համոզված եմ, որ գաղափարի, մտքի առաջնորդները պարզապես արել ու անում են իրենց գործը՝ լինելով համարձակ, ստեղծագործաբար մտածելով, հրաժարվելով գնալ ուրիշների անցած ճանապարհով, չվախենալով սխալվելուց՝ իրենց ամբողջ եռանդը, մտքի ու կամքի ուժը ծառայեցնելով փոփոխություններ իրականացնելու գործին»:
Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին հորդորել է կարիերայի զարգացման բոլոր օղակներով անցնել աստիճանաբար՝ դիտարկելով դրանք իբրև փորձի ձեռքբերման կարևորագույն փուլեր. «Հեռահաղորդակցության շուկայի միտումները հասկանալու, համաշխարհային գործընթացներին խորապես տիրապետելու, ինչպես նաև՝ արտադրության շղթայի աշխատանքներն ու մարդկանց առաջնորդելու արվեստին տիրապետելու համար պետք է ունենալ համակարգային մտածողության: Իսկ դա ենթադրում է աշխատանքային փորձի առկայություն՝ արժեքի ստեղծման շղթայի բոլոր օղակներում: Հետևաբար՝ պետք է զերծ մնալ աշխատանքը «լավ»-ի ու «վատ»-ի բաժանելու վտանգավոր մոլորությունից և աշխատանքը դիտարկել որպես հմտանալու, սովորելու և նորը ստեղծելու հնարավորություն: Աշխատանքը ջանք է և արժանի է հարգանքի: Վաղը դուք կկարողանաք գնահատել աշխատակցի արդյունավետությունը և ուղղորդել նրան, եթե այսօր ինքներդ եք կատարում նման աշխատանք»:
Դասախոսության վերջում բանախոսը անդրադարձել է նաև սխալներ գործելուն, իբրև ինքնազարգացման կարևոր նախապայման. «Մի՛ վախեցեք սխալվելուց, իսկ սխալը գործելուց հետո շատ մի մի սևեռվեք դրա վրա: Պարզապես վերլուծեք ձեր քայլերը և հետևություններ արեք: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում»: Ապագա գործարար կառավարիչներին Ռալֆ Յիրիկյանը խորհուրդ է տվել լինել այնպիսի առաջնորդ, ում վստահում են, այլ ոչ թե վախենում են. «Վախը ձեր ենթակաների մեջ սարսափելի խոչընդոտ է բիզնեսի զարգացման ու անհատի ինքնազարգացման համար»:
Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը. «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, և ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է: Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան», - եզրափակել է Ռալֆ Յիրիկյանը:
Լսարանը ծանոթացել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ում իրականացվող՝ գործարար կառավարման էթիկայից բխող կարևոր քայլերին, ինչպես նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնարար արժեքներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: