ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ ընկերությունների և ՏՀՏ գործատուների միության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են ևս 5-ը: «Հոկտեմբերին ունեցել ենք ամփոփիչ քննարկում՝ արձանագրելով ծրագրի արդյունավետությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հուշագիրը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարության առաջնահերթություններից է, և պետություն-մասնավոր համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ունենանք հաջողություններ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունն էլ ավելի է խորանալու: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններին՝ ընդգծելով, որ առանց վերջիններիս աջակցության՝ չէր արձանագրվի նման հաջողություն: «Մի փոքր դժվարություն կա՝ նոր դպրոցների ներառման հետ կապված, քանի որ համապատասխան մասնագետներ գտնելու և նրանց վերապատրաստելու խնդիր կա: Սակայն այս հարցը ևս հաջողությամբ լուծելու ենք և առաջ գնալու: ՏՀՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունենալը նշանակում է՝ ոլորտը սպասարկող լրացուցիչ ծառայություններ մատուցող նոր աշխատատեղեր»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ծրագրում կներգրավվեն նաև մարզերի ավագ դպրոցները, քանի որ ապակենտրոնացումը և մարզերի համաչափ զարգացումը ևս կառավարության առաջնահերթություններից է՝ առավել ևս, որ փորձնական ծրագրում ներգրավված Գյումրիի և Վանաձորի դպրոցները հանդիսացել են ծրագրի առաջամարտիկներ:
«Որպես Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություն ու նաև գործատու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է երկրում ՏՀՏ կրթության զարգացմանը: Ընկերության համար ՏՀՏ զարգացման ծրագրերը կարևոր են նաև իրենց սոցիալական հսկայական նշանակության տեսանկյունից: ՏՀՏ ոլորտում կրթության որակի զարգացումը միտված է օգնելու ոչ միայն աշխատաշուկայի պահանջների բավարարմանը, այլև նպաստելու է նրան, որ երիտասարդությունը մնա և աշխատի Հայաստանում: Այս ոլորտում կրթության որակի զարգացումը երկարաժամկետ ներդրում է երկրի ապագայի մեջ, քանի որ երիտասարդները ձեռք են բերում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի անցնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում: «Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զարգացման առաջնահերթություն, և եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,- նշել է նա:
«Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարում աշխարհը տնտեսական նոր հեղափոխության շեմին է: «Որպես Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություն, մեր ամբիցիաները բարձր են: Վստահ եմ, որ մեր երկիրը պետք է հեղափոխություն ապրի նաև տնտեսության մեջ, իսկ դրա կարևոր ուղղություններից մեկը ՏՀՏ-ն է: Առանց որակյալ կրթության հնարավոր չէ հասնել հաջողության՝ և՛ որպես պետություն, և՛ որպես առանձին ընկերություն»,- ընդգծել է նա: ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ փորձնական ծրագրի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 20 ուսուցիչ, շուրջ 2800 աշակերտ կրթություն ստացել ՏՀՏ բնագավառում: «Ոգևորիչ է այս հարցում ԿԳՆ-ի աջակցությունը, և մենք հույս ունենք, որ ծրագրի արդյունքում հիմնարար գիտելիքներով օժտված ավելի մեծ թվով աշակերտներ կունենանք»,- ընդգծել է Էդուարդ Մուսայելյանը:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրումը, կմշակի, կլրամշակի և կհաստատի այդ առարկաների չափորոշիչները և ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաև կաջակցի դրա հանրային իրազեկմանը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշիչների և ծրագրի մշակմանը և կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը: «Յունիքոմփ» ընկերությունը նաև տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների և համակարգչային ցանցի սպասարկմանը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաև կիրականացնի ծրագրի մոնիթորինգը և դպրոցների ընտրությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: