1. Ընդհանուր դրույթները և սահմանումները
1.1. Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման, Ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Viva» և այլ ապրանքային նշանների ներքո գործող «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ «Օպերատոր») կողմից մատուցվող տվյալների հաղորդման, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունները (այսուհետ նաև՝ «Ծառայություններ»), դրանց միացման, ակտիվացման, մատուցման կարգը և պայմանները, դրանց առնչվող Օպերատորի և բաժանորդների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, բաժանորդային պայմանագրի կնքման և դադարեցման, Օպերատորի և բաժանորդների միջև վեճերի լուծման կարգը և այլ իրավահարաբերություններ:
1.2. Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմաններում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունները.
10) «Ցանց»՝ տվյալների հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում՝ նաև միացնող, անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ օպտիկամանրաթելային և/կամ այլ տեսակի մալուխով, ռադիո ալիքների, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար` անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից.
11) «Օպերատորի ցանցային տիրույթ»՝ Բաժանորդի տարածքում տեղադրված Սարքավորման և միացման պորտերի այն համամասնությունը, որը սպասարկվում է Օպերատորի կողմից.
12) «Միացման կետ»՝ Բաժանորդին Ծառայության մատուցման վայր.
13) «Օր»՝ օրացուցային օր.
14) «Կողմ»՝ Օպերատորը կամ Բաժանորդը առանձին հիշատակման դեպքում.
15) «Կողմեր»՝ Օպերատորը և Բաժանորդը համատեղ հիշատակման դեպքում.
16) «Վերջին մղոն»՝ Ցանցի հեռավորությունը Ցանցի հիմքի (Օպերատորի մոտակա հանգույցի) և Բաժանորդի տարածքի միջև.
17) «Գաղտնաբառ»` Ծառայության որոշակի տեսակներից օգտվելու, ինչպես նաև Բաժանորդի անձնական էջ մուտք գործելու համար տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի կամ հեռախոսահամարի նույնականացման համար.
18) «Սակագնային պլան (փաթեթ)»` մեկ կամ մի քանի տարբեր Ծառայություններ ներառող և մեկ անվանմամբ ու արժեքով (գնով) հաշվարկվող Ծառայություններ.
19) «Կոնվերգենտային Սակագնային պլան (փաթեթ)»` Օպերատորի կողմից ինքնուրույն կամ իր կողմից նշված երրորդ անձանց հետ համատեղ մատուցվող և մեկ անվանմամբ ու արժեքով (գնով) հաշվարկվող Ծառայություններ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ սույն Պայմաններում նշված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցի միջոցով տվյալների հաղորդման, Ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայություններ, IP հեռուստատեսության ծառայություններ, հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի միջոցով մատուցվող ծառայություններ):
20) «Հաշիվ»` Օպերատորի բիլինգային համակարգում վերլուծական հաշվարկի ռեգիստր, որն օգտագործվում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունների դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար.
21) «Բաժանորդի նույնականացման տվյալներ»՝ Բաժանորդի կամ իր լիազորված ներկայացուցիչի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, նույնականացման համարը, Գաղտնաբառը (եթե առկա է), բիլինգային հաշվեհամարը, Բաժանորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կատարած վերջին գործողությունները (վճարում, հաշվեկշռի լիցքավորում, Ծառայության ակտիվացում և այլն) և նմանատիպ այլ տվյալներ, որոնք օգտագործվում են առանձին կամ միասին` համաձայն Օպերատորի կողմից սահմանված կարգի.
22) «Հեռախոսահամար»՝ Օպերատորի համարային ռեսուրսներից Ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար տրամադրվող հեռախոսահամար.
2. Ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը
2.1. Օպերատորի գովազդը կամ այլ կերպ Ծառայությունների ներկայացումը Պայմանների և որևէ Սակագնային պլանի (փաթեթի) պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր է: Բաժանորդի կողմից Պայմանների 3-րդ բաժնում նշված Բաժանորդային պայմանագիրը Օպերատորին ներկայացնելը հանդիսանում է Ծառայություններին բաժանորդագրվելու օֆերտա: Օպերատորի կողմից Պայմանների 4-րդ բաժնում սահմանված կարգով Ծառայությունների ակտիվացումը հանդիսանում է վերը նշված օֆերտայի ակցեպտը։ Ծառայությունների ակտիվացման պահից օֆերտան, սույն Պայմանները և համապատասխան Սակագնային պլանի (փաթեթի) պայմանները միասին կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված և կողմերի համար պարտադիր պայմանագիրը:
2.2. Բաժանորդային պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային ստորագրության միջոցով և Օպերատորի կողմից նման հնարավորության մասին իր պաշտոնական վեբ-կայքում հայտարարելու դեպքում: Էլեկտրոնային ստորագրությամբ Բաժանորդային պայմանագրի կնքման դեպքում Բաժանորդը պետք է ապահովի Օպերատորի կողմից սահմանված՝ էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգի պահանջների կատարումը:
2.3. Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում հրապարակված առանձին Կոնվերգենտային Սակագնային պլանների (փաթեթների) դեպքում Բաժանորդային պայմանագիրը համարվում է Ծառայություններին բաժանորդագրվելու ցանկություն ունեցող անձի կողմից կնքված և Օպերատորին ներկայացված Օպերատորի էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայությունների միջոցով համապատասխան կարճ կոդը (USSD) ուղարկելու դեպքում:
2.4. Բաժանորդային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, եթե Բաժանորդային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այն դեպքում, երբ Բաժանորդային պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով, Բաժանորդը, ցանկության դեպքում, կարող է երկարաձգել Բաժանորդային պայմանագրի գործողության ժամկետը՝ սույն Պայմաններով կամ համապատասխան Սակագնային պլանի (փաթեթի) պայմաններով սահմանված կարգով:
2.5. Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից ստացված Ծառայությունները առանց Օպերատորի համաձայնության վերավաճառել այլ անձանց կամ օգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման նպատակներով:
2.6. Բաժանորդը պարտավոր է կատարել Պայմաններով և Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման պայմաններով սահմանված պահանջները և հետևել դրանց փոփոխություններին:
2.7 Պայմանագրով, Պայմաններով, Սակագնային պլանով (փաթեթով), ինչպես նաև Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով չկարգավորված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2.8. Համատեղ մատուցվող ծառայություններ ստանալու նպատակով Բաժանորդային պայմանագիր կնքելով՝ Բաժանորդը անվերապահորեն ընդունում է նաև համատեղ մատուցվող ծառայություններ մատուցելու նպատակով Օպերատորի կողմից նշված երրորդ անձի ծառայությունների մատուցման պայմանները:
3. Պահանջվող փաստաթղթերը
3.1. Ծառայություններին բաժանորդագրվելու ցանկություն ունեցող անձի կողմից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
3.1.1. ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում.
3.1.2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում.
3.1.3. Իրավաբանական անձի դեպքում.
3.1.4. Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում.
3.2. Պայմանների 2.3. կետի համաձայն՝ Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում հրապարակված առանձին Կոնվերգենտային Սակագնային պլանների (փաթեթների) դեպքում Պայմանների 3.1. կետով սահմանված Բաժանորդային պայմանագիրը համարվում է Ծառայություններին բաժանորդագրվելու ցանկություն ունեցող անձի կողմից կնքված և Օպերատորին ներկայացված Օպերատորի էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայությունների միջոցով համապատասխան կարճ կոդը (USSD) ուղարկելու դեպքում:
3.3. Օպերատորի կողմից որոշ գործառույթներ հայցելու դեպքում Բաժանորդները պետք է ներկայացնեն գրավոր դիմում կամ Պայմանների 4.18 կետում նշված էլեկտրոնային հասցեին էլ․ նամակի միջոցով:
3.4. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պարտավոր է 30 (երեսուն) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել գործող տվյալները հավաստող փաստաթղթերը:
3.5. Էլեկտրոնային եղանակով Օպերատորի կողմից Բաժանորդային պայմանագիր կնքելու, որոշ գործառույթներ հայցելու ժամանակ Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պետք է ապահովի Օպերատորի կողմից սահմանված էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգի պահանջների կատարումը:
3.6. Անհրաժեշտության դեպքում՝ Օպերատորի պահանջով, Բաժանորդը և/կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնեն նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
4. Բաժանորդագրումը, Ծառայությունների ակտիվացումը և մատուցման կարգը
4.1. Նոր բաժանորդագրության շրջանակում Բաժանորդային պայմանագիր կնքելու համար Բաժանորդը մոտենում է Օպերատորի սպասարկման կենտրոն, կապ է հաստատում Ընկերության հետ առցանց/հեռախոսակապի միջոցով կամ կապ է հաստատում Օպերատորի՝ տվյալ տարածքում լիազոր ներկայացուցչի հետ: Բաժանորդը պետք է ներկայացնի Պայմանների 3-րդ բաժնում նշված համապատասխան փաստաթղթերը:
4.2. Օպերատորի տեխնիկական մասնագետները ստուգում են նշված հասցեում ցանցի առկայությունը և գծի անցկացման ֆիզիկական հնարավորությունները (իրականացվում է Պայմանների 4.1. կետում նշված գործողություններն իրականացնելուց հետո 1-3 աշխատանքային օրվա ընթացքում):
4.3. Դրական տեխնիկական եզրակացության դեպքում Ընկերության մասնագետներն այցելում են բաժանորդի հասցե (նախապես համաձայնեցնելով օրը և ժամը), անցկացնում են մալուխը և տեղադրում անհրաժեշտ Սարքավորումները՝ մոդեմ, երթուղիչ և այլն (իրականացվում է 4.2. կետում նշված ժամկետից հետո 1-4 աշխատանքային օրվա ընթացքում):
4.4. Սարքավորումների միացումից, ցանցային կարգավորումներից, ինչպես նաև համապատասխան բիլինգային և այլ ակտիվացումներից ու կարգավորումներից հետո իրականացվում է Ծառայությունների փաստացի ակտիվացումը (իրականացվում է 4.3. կետում նշված ժամկետից հետո 1-3 աշխատանքային օրվա ընթացքում):
4.5. Նոր բաժանորդագրության դեպքում Ծառայությունների ակտիվացման ընդհանուր ժամկետը կարող է կազմել մինչև 10 աշխատանքային օր՝ սկսած բաժանորդագրվելու նպատակով Բաժանորդի կամ վերջինիս լիազորված անձի կողմից Պայմանների 3-րդ բաժնում նշված համապատասխան փաստաթղթերն Օպերատորին ներկայացնելու օրվանից:
4.6. Արդեն իսկ գործող բաժանորդագրության շրջանակում Սակագնային պլանի (փաթեթի) փոփոխությունների նպատակով Բաժանորդի կողմից Օպերատորին դիմելու պարագայում խնդրարկված Ծառայությունները ակտիվացվում են Բաժանորդի կողմից Օպերատորին դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տվյալ հասցեում արդեն իսկ առկա են նոր Սակագնային պլանի (փաթեթի) համար անհրաժեշտ բոլոր Սարքավորումներն ու տեխնիկական լուծումները:
4.7. Պայմանների 3-րդ բաժնում նշված ստորագրված Բաժանորդային պայմանագիրը կարող է ներկայացվել Օպերատորի վաճառքի բաժնի ներկայացուցչին, Օպերատորի սպասարկման կենտրոն կամ Օպերատորի կողմից հանդես գալու իրավունք ունեցող այլ անձին, իսկ Պայմանների 2.3. կետում նշված դեպքում՝ համապատասխան կարճ կոդը (USSD) ուղարկելու միջոցով:
4.8. Պայմանների 3-րդ բաժնում նշված Բաժանորդային պայմանագիրը Օպերատորի վաճառքի բաժնի ներկայացուցչի, սպասարկման կենտրոնի աշխատակցի կամ Օպերատորի անունից հանդես գալու իրավունք ունեցող այլ անձի կողմից կազմելու նպատակով Բաժանորդը պետք է նշի Օպերատորի կողմից առաջարկվող այն Սակագնային պլանը (փաթեթը), որի պայմաններով նա ցանկանում է ստանալ Ծառայությունները, ինչպես նաև Օպերատորի կողմից ներկայացված սարքերից պետք է ընտրի այն սարքը, որի միջոցով մատուցվելու են Ծառայությունները:
4.9. Եթե Բաժանորդն ունի Օպերատորի պահանջներին համապատասխանող սարքավորում (բացառությամբ Օպերատորի կողմից տրամադրվող օպտիկական երթուղիչի և IP TV ընդունիչի), որով, ըստ Օպերատորի մասնագետների, հնարավոր է օգտվել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա Բաժանորդի ցանկությամբ և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում Պայմանների 4.3. և 4.4. կետերով սահմանված կարգով Բաժանորդի հասցեում տեղադրվում և միացվում է այդ սարքավորումը, ինչպես նաև իրականացվում են Ծառայությունների ակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները:
4.10 Օպերատորն իրավունք ունի մերժել Ծառայությունների մատուցումը (բաժանորդագրությունը), եթե մերժումը պայմանավորված է Օպերատորի տեխնիկական հնարավորությունների բացակայությամբ, այդ թվում՝ նաև այն դեպքում, երբ խնդրարկված Ծառայությունների մատուցման աշխարհագրական տարածքը դուրս է Ցանցի հասանելիության տարածքի սահմաններից կամ պահանջում է չհիմնավորված ծախսեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Բաժանորդը Բաժանորդային պայմանագրի հետ մեկտեղ չի ներկայացրել բոլոր պահանջվող փաստաթղթերը:
4.11. Օպերատորն իրավունք ունի նաև մերժել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե բաժանորդի կողմից նշված Ծառայությունների մատուցման ցանկալի հասցեում մեկ այլ Բաժանորդային պայմանագրի շրջանակներում արդեն մատուցված Ծառայությունների դիմաց կան չմարված պարտավորություններ, և այդ պայմանագրի կողմ հանդիսացող անձը և նոր բաժանորդը ունեն փոխկապակցում:
4.12. Բաժանորդային պայմանագիրը կնքելու մերժման մասին Օպերատորը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Բաժանորդին: Օպերատորը Բաժանորդին մերժման մասին ծանուցում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, որը Բաժանորդը նշել է բանակցությունների ընթացքում կամ մերժման մասին գրությունը հանձնում է Բաժանորդին Օպերատորի սպասարկման կենտրոնում կամ ուղարկում է փոստով` Բաժանորդի կողմից նշված հասցեով:
4.13. Ծառայությունների մատուցման մերժման ծանուցումը ներկայացնելու պահից Բաժանորդային պայմանագրի կնքման գործընթացը դադարեցվում է:
4.14. Ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով Օպերատորի կողմից կարող է սահմանվել միացման միանվագ վճար:
4.15. Բաժանորդն իրավունք ունի Օպերատորի կողմից սահմանված կարգով փոփոխելու նախընտրած Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանը (փաթեթը) (բացառությամբ Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով սահմանված դեպքերի)` ներկայացնելով համապատասխան դիմումը և պահանջվող փաստաթղթերը՝ պայմանով, որ այդպիսի պահանջ ներկայացնելու պահին Բաժանորդը Օպերատորի նկատմամբ չի ունենա չկատարված պարտավորություններ:
4.16. Ֆիքսված հեռախոսակապի (VoIP) ծառայությունը մատուցելու նպատակով ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար Օպերատորն իր համարային ռեսուրսներից տրամադրում է Բաժանորդին հեռախոսահամար:
4.17. Օպերատորն իրավունք ունի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախօրոք Բաժանորդին տեղեկացնելով, փոփոխել վերջինիս hեռախոսահամարը:
4.18. Բաժանորդը կարող է օգտվել Օպերատորի՝ Բաժանորդների սպասարկման բաժնի ծառայություններից օրվա ցանկացած ժամին՝ զանգահարելով +374 60 610000 հեռախոսահամարին (Կոնվերգենտային Սակագնային պլանների (փաթեթների) դեպքում՝ 111 կամ +374 60 771111) կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով fn-support@viva.am էլեկտրոնային հասցեին (Կոնվերգենտային Սակագնային պլանների (փաթեթների) դեպքում՝ 111@viva.am):
5. Սարքավորման օգտագործման պայմանները
5.1. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման նպատակով Սարքավորումը տրամադրվում է Բաժանորդին Օպերատորի կողմից, Սարքավորման նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Օպերատորին, իսկ Բաժանորդը ձեռք է բերում Սարքավորման օգտագործման իրավունք: Բաժանորդն իրավունք չունի Սարքավորումը կամ դրա նկատմամբ օգտագործման իրավունքը փոխանցել երրորդ անձանց: Բաժանորդը պարտավոր է Սարքավորումն օգտագործել միայն Բաժանորդային պայմանագրով և Պայմաններով սահմանված նպատակներին ու կարգին համապատասխան: Սարքավորումը և դրա տեղադրման համար նախատեսված մալուխը, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցները Բաժանորդին են հանձնվում հանձնման-ընդունման ակտով:
5.2. Բաժանորդը պարտավոր է ապահովել Սարքավորման պահպանությունը՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները, Սարքավորումն օգտագործել Օպերատորի, արտադրողի կողմից և այլ կերպ Սարքավորմանը ներկայացվող պահանջներին և շահագործման կանոններին համապատասխան:
5.3. Բաժանորդը պատասխանատվություն է կրում Սարքավորմանը պատճառված այն վնասի կամ դրա կորստի համար, որն առաջացել է Բաժանորդի մեղքով կամ նրա կողմից Սարքավորման պահպանության համար բավարար գործողություններ չձեռնարկելու արդյունքում:
5.4. Օպերատորը Սարքավորման համար պահանջվող տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունը հրապարակում է իր պաշտոնական վեբ-կայքում կամ Բաժանորդային պայմանագրում:
5.5. Բաժանորդը չպետք է իրեն տրամադրված Սարքավորումն օգտագործի անհամատեղելի այլ սարքավորումների հետ կամ որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի ցանցի և/կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
5.6. Սարքավորման տեղադրումը, կարգաբերումը և տեղափոխումը (մատուցվող Ծառայությունների հասցեափոխության դեպքում) իրականացվում է միայն Օպերատորի մասնագետների կողմից` բացառությամբ Պայմանների 5.7. կետում նշված դեպքի:
5.7. Բաժանորդը պարտավոր է Սարքավորումն օգտագործել միայն այն վայրում, որտեղ այն տեղադրվել է և կարգաբերվել է Օպերատորի մասնագետների կողմից` միայն Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից օգտվելու նպատակով: Օպերատորի համաձայնությամբ` Բաժանորդն իրավունք ունի Սարքավորումն ապամոնտաժել և տեղափոխել/տեղաշարժել Օպերատորի հետ համաձայնեցված վայր:
5.8. Բաժանորդային պայմանագրի լուծումից հետո Բաժանորդը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում Սարքավորումը, դրա պատկանելիքները ապամոնտաժել և հանձնել Օպերատորի սպասարկման կենտրոն կամ Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն Սարքավորումը, դրա պատկանելիքները ապամոնտաժելու համար:
5.9. Բաժանորդային պայմանագրի լուծումից հետո Բաժանորդը Սարքավորումը վերադարձնում է սարքին վիճակում՝ հաշվի առնելով բնական մաշվածությունը:
5.10. Օպերատորն իրավունք ունի սահմանելու և կիրառելու հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից օգտագործման իրավունքով տրամադրվող Սարքավորման նկատմամբ:
5.11. Օպերատորը պատասխանատվություն չի կրում իր կողմից տրամադրված Սարքավորման միջոցով Բաժանորդին պատճառված վնասի համար, եթե դա տեղի է ունեցել Բաժանորդի կողմից Սարքավորման՝ ոչ պատշաճ օգտագործման արդյունքում:
5.12. Սարքավորման կորստի կամ գողության դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել Օպերատորին զանգահարելով Պայմանների 4.18 կետում նշված հեռախոսահամարով և էլեկտրոնային նամակ ուղարկելով նույն կետում նշված էլեկտրոնային հասցեին:
5.13. Բաժանորդը պատասխանատվություն է կրում իրեն տրամադրված Սարքավորման միջոցով երրորդ անձանց կողմից Ծառայությունների ցանկացած օգտագործման համար, ինչպես նաև Բաժանորդին տրամադրված Սարքավորման՝ երրորդ անձանց կողմից ոչ պատշաճ օգտագործման համար: Տվյալ դեպքերում մինչև Սարքավորման կորստի կամ գողության մասին Օպերատորին պատշաճ տեղեկացումը, տվյալ Սարքավորումն օգտագործող է համարվում Բաժանորդը:
5.14. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդի կողմից Սարքավորման կորստի կամ գողության մասին պատշաճ ծանուցվելու դեպքում կասեցնել Ծառայությունների մատուցումը` Բաժանորդի կողմից Ծառայությունների կասեցման պահանջ ներկայացնելու պահից:
5.15. Բաժանորդն իրավունք չունի օգտագործելու Սարքավորումն այլ սարքերի հետ, որոնք նախատեսված չեն նման օգտագործման համար կամ օգտագործել Սարքավորումը որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Սարքավորմանը, Ցանցին կամ որևէ ձևով ազդել Սարքավորման և/կամ Ցանցի գործառնության վրա:
5.16. Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրվող Սարքավորումը, ինչպես նաև դրա պատկանելիքներն ու մասերը և/կամ դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխությունները, բարելավումները, վերանորոգման աշխատանքների արդյունքները Օպերատորի սեփականությունն են և Բաժանորդը չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ:
5.17. Սարքավորումը հանձնվում է Բաժանորդին և հետ է վերցվում Բաժանորդից Կողմերի միջև կազմված և Բաժանորդային պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հանձնման-ընդունման ակտի հիման վրա:
5.18. Սարքավորման ոչ պատշաճ օգտագործման, կորստի, վնասվածքի կամ գողության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքավորման հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո:
5.19. Սարքավորման կորստի, գողության կամ վնասման դեպքում Բաժանորդին նոր Սարքավորման տրամադրումը հնարավոր է միայն Բաժանորդի կողմից հին Սարքավորման համար Կողմերի միջև կնքված հանձնման-ընդունման ակտով կամ Բաժանորդային պայմանագրով նախատեսված արժեքը վճարելուց հետո:
5.20. Օպերատորը պարտավորվում է անվճար փոխարինել Բաժանորդին տրամադրված Սարքավորումը նորով, եթե Օպերատորի կողմից հայտնաբերվել են հին Սարքավորման արտադրական թերություններ:
5.21. Օպերատորի կողմից Սարքավորումը վերադարձնելու պահանջը ստանալու պահից (նույնիսկ Սարքավորման ժամանակավոր վերադարձման դեպքում) Բաժանորդը պարտավորվում է անհապաղ դադարեցնել Սարքավորման օգտագործումը և առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ինքնուրույն վերադարձնել Սարքավորումը և դրա պատկանելիքները կամ Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն դրանք ապամոնտաժելու համար:
5.22. Պայմաններով, համապատասխան Սակագնային պլանի (փաթեթի) պայմաններով և/կամ Բաժանորդային պայմանագրով սահմանված բոլոր այն դեպքերում, երբ Բաժանորդը պարտավոր է վերադարձնել Օպերատորին Սարքավորումը և դրա պատկանելիքները, սակայն դա չի անում, նա պարտավոր է Օպերատորին վճարել հանձնման-ընդունման ակտում կամ Բաժանորդային պայմանագրում նշված Սարքավորման և դրա պատկանելիքների արժեքը (գումարը):
6. Ծառայությունների նկարագրությունը
6.1. Ծառայությունների նկարագրությունը, Ծառայությունների նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից: Օպերատորը կարող է որպես մեկ ծառայություն մատուցել ծառայությունների միասնական փաթեթ:
6.2. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների, Սակագնային պլանի (փաթեթի) առանձնահատկությունները, բնույթը, տեսակը, նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառվող սակագները, զեղչային ու այլ առաջարկները և այլ տեղեկություններ մանրամասնորեն ներկայացվում են Օպերատորի վաճառքի բաժնի ներկայացուցիչների կողմից և Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում:
6.3. Ծառայությունները մատուցվում են Օպերատորի ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
6.4. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները հետևյալն են`
6.4.1. «Լայնաշերտ ինտերնետ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Օպերատորի կամ Բաժանորդի Սարքավորման՝ Ցանցին միացում, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում մուտք գործել ինտերնետ՝ առանց փոխանցվող տվյալների բովանդակության նկատմամբ Օպերատորի կողմից վերահսկողության:
6.4.2. «Ֆիքսված հեռախոսակապ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Օպերատորի կամ Բաժանորդի Սարքավորման՝ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային ցանցին միացում, ինտերնետի և/կամ հեռախոսացանցի միջոցով ձայնային ազդանշանների փոխանցում (VoIP) տեղական, միջքաղաքային և միջազգային մակարդակներում՝ առանց փոխանցվող տվյալների բովանդակության նկատմամբ Օպերատորի վերահսկողության:
6.4.3. «Տվյալների փոխանցում»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Օպերատորի կամ Բաժանորդի Սարքավորման՝ Ցանցին միացում, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում կապ հաստատել 2 կամ ավելի կետերի միջև IP ցանցի միջոցով՝ առանց փոխանցվող տվյալների բովանդակության նկատմամբ Օպերատորի վերահսկողության:
6.4.4. «իրական IP հասցեի (հասցեների)» տրամադրում՝ Օպերատորի կողմից Բաժանորդին ինտերնետ հասանելիության ծառայության շրջանակում հավելյալ իրական անփոփոխ IP հասցեի տրամադրում։
6.4.5. «IP հեռուստատեսություն»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված սարքավորման՝ Ցանցին միացում վերահաղորդման ծառայությունների մատուցման նպատակով, որոնց ընթացքում տվյալները փոխանցվում են IP պրոտոկոլի (Internet Protocol) տվյալների փոխանցման ցանցի օգնությամբ:
6.5. Պայմանների 6.4.5. կետում նշված Ծառայությունը կարող է մատուցվել Օպերատորի կողմից անմիջականորեն կամ Օպերատորի կողմից նշված երրորդ անձանց կողմից:
6.6. Ծառայությունները մատուցվում են Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված Սարքավորման կամ Բաժանորդի` Օպերատորի կողմից սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանող սարքավորման՝ Ցանցին միացման եղանակով:
6.7. Ծառայությունները մատուցվում են հետվճարային հիմունքներով: Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում հրապարակված առանձին Կոնվերգենտային Սակագնային պլանների (փաթեթների) դեպքում Ծառայությունները կարող են մատուցվել կանխավճարային հիմունքներով:
6.8. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
6.9. Դառնալով Բաժանորդային պայմանագրի կողմ` Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը ստանալու Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական, գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ այն օպերատորի բջջային ցանցի միջոցով, որի բաժանորդը նա հանդիսանում է և/կամ Բաժանորդի կողմից Օպերատորին տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային նամակներ ուղարկելու միջոցով:
6.10. Պայմանների 6.9 կետում նշված հաղորդագրությունները ստանալուց հրաժարվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Օպերատորին:
6.11. Օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցով ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման առավելագույն (գովազդվող) արագությունների վրա ազդող էական գործոնները.
10) Բաժանորդի պատվիրած արագության գերօգտագործում.
11) Բաժանորդի սարքերում վիրուսներ կամ գերծանրաբեռնված ծրագրեր.
12) հոսանքի ադապտերի անսարքություն.
13) Միջազգային երթուղիների խափանում/գերծանրաբեռնվածություն
14) Միաժամանակ միացված սարքերի մեծ քանակ.
15) Խելացի տան (IoT) սարքերի գերծանրաբեռնվածություն:
6.12. Սակագնային պլաններով (փաթեթներով) տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայության արագությունը չի սահմանափակվում և կախված է տվյալ տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցի, ինչպես նաև օգտագործվող Սարքավորման տեխնիկական հնարավորություններից։ Բացառություն են կազմում միայն անսահմանափակ ինտերնետ հասանելիության ծառայություններ ներառող այն Սակագնային պլանները (փաթեթները), որոնց հրապարակային պայմաններով նախատեսված են արագության սահմանափակման հատուկ դրույթներ:
7. Ծառայությունների մատուցման կարգը
7.1. Այլ բան սահմանված չլինելու դեպքում Օպերատորը Ծառայությունները մատուցում է շուրջօրյա (շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ) ռեժիմով՝ առանց ընդհատումների:
7.2. Օպերատորը մատուցում է Ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Օպերատորին տրված լիցենզիաներին և թույլտվություններին համապատասխան:
7.3. Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել իրեն հասանելի բոլոր անհրաժեշտ միջոցները Ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով:
7.4. Այնուամենայնիվ, Բաժանորդը սույնով ընդունում է, որ Ծառայությունների մատուցումը և դրանց որակը կախված են ոչ միայն Օպերատորից, այլ նաև Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, որոնց համար Օպերատորը պատասխանատվություն չի կրում:
7.5. Մատուցվող Ծառայությունների որակը և ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` Պայմաններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
7.6. Ծառայությունների մատուցումը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և/կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որի մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդներին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով:
7.7. Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները սեղմ ժամկետում վերացնելու համար:
7.8. Ցանցի վերանորոգման, ընդլայնման, արդիականացման, ամրապնդման և/կամ պրոֆիլակտիկ աշխատանքների կատարմամբ պայմանավորված՝ Օպերատորը, նախապես էլ․նամակի, SMS հաղորդագրության և/կամ hեռուստացույցի էկրանին ծանուցման միջոցով համապատասխան տեղեկությունը տարածելուց և/կամ իր կողմից ընդունելի այլ ձևով Բաժանորդին ծանուցելուց հետո իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնելու Ծառայությունների մատուցումը:
7.9. Ծառայությունների մատուցման ժամանակահատվածի հաշվարկ. հետվճարային Սակագնային պլանով (փաթեթով) նոր բաժանորդագրության դեպքում Ծառայություններն ակտիվանում և տրամադրվում են Բաժանորդին Ծառայությունների ակտիվացման օրվա համապատասխան ժամից, րոպեից մինչև տվյալ օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 23:59-ը, իսկ հաջորդող հաշվարկային ժամանակաշրջանների սկիզբ է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը (ժամը 00:00), ավարտ՝ տվյալ ամսվա վերջին օրը (ժամը 23:59): Կանխավճարային Սակագնային պլանի (փաթեթի) գործողության ժամկետի հաշվարկը խիստ անհատական է և սկսվում է Բաժանորդի հաշվեկշռից համապատասխան գումարի առկայության դեպքում դրա գանձմամբ Սակագնային պլանի (փաթեթի) փաստացի ակտիվացման օրվանից, ժամից և րոպեից և ավարտվում է հաջորդ ամսվա նույն օրը՝ ճիշտ այն նույն ժամին և րոպեին, երբ այն ակտիվացվել էր:
7.10. Բաժանորդը խափանման կամ անսարքության մասին կարող է տեղեկացնել Օպերատորին` զանգահարելով Պայմանների 4.18 կետում նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով նույն կետում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
7.11. Օպերատորը պարտավոր է Բաժանորդի կողմից խափանման կամ անսարքության մասին տեղեկությունը հայտնելուց հետո ձեռնարկել միջոցներ անսարքությունը կամ խափանումը վերացնելու համար, ինչի համար պահանջվող ժամանակը կարող է կազմել մինչև 24 ժամ:
7.12. Ցանկացած դեպքում Ծառայությունների մատուցման թերությունները վերացնելու նպատակով Բաժանորդը պարտավոր է թույլ տալ Օպերատորի ներկայացուցչին աշխատել Ցանցի, Սարքավորման, այլ uարքավորումների վրա, uահմանաբաժան կետի վրա, Ցանցին, Սարքավորմանը, հեռախոuացանցին, տվյալների փոխանցման ցանցին կամ ինտերնետային ցանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա:
7.13. Ծառայությունների մատուցման թերությունների վերացման ծախսերը կրում է Բաժանորդը, եթե թերություններն առաջացել են Բաժանորդի մեղքով:
8. Ծառայությունների արժեքը և վճարումների կարգը
8.1. Ծառայությունների տեսակի և բնութագրի վերաբերյալ տեղեկությունները զետեղված են Բաժանորդային պայմանագրում և/կամ Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում:
8.2. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային պլանի (փաթեթի) համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք նկարագրված են Բաժանորդային պայմանագրում և/կամ Օպերատորի վեբ-կայքում, ինչպես նաև ներկայացվում են Բաժանորդին Օպերատորի վաճառքի բաժնի ներկայացուցիչների կողմից:
8.3. Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն Սակագնային պլանով (փաթեթով), Պայմաններով կամ Բաժանորդային պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:
8.4. Օպերատորի կողմից կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովման միջոց:
8.5. Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման հիմք է հանդիսանում Օպերատորի բիլինգային համակարգի հաշվարկը, որի հիման վրա կարող է տրամադրվել հաշվարկային փաստաթուղթ:
8.6. Եթե այլ բան սահմանված չէ Սակագնային պլանի (փաթեթի) նկարագրությամբ, Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել վճարման ենթակա գումարը և հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա մինչև 25-ը ներառյալ վճարել Օպերատորի կողմից Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարը: Բաժանորդը կարող է վճարումը կատարել անկանխիկ: Անկանխիկ վճարումը պետք է կատարվի Օպերատորի կողմից պաշտոնական վեբ-կայքում և/կամ Բաժանորդային պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին, առցանց էլեկտրոնային վճարային համակարգերի կամ Բաժանորդին Օպերատորի կողմից տրամադրված հեռախոսահամարի միջոցով: Օպերատորի գործակալների մասին տեղեկությունը, որոնց միջոցով Բաժանորդը կարող է կատարել անկանխիկ վճարումը, հրապարակվում է Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում:
8.7. Սակագնային պլանով (փաթեթով) նախատեսված լինելու դեպքում հաշվարկային փաստաթղթերը փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին:
8.8. Բաժանորդը պարտավոր է ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին մինչև մատուցված Ծառայությունների համար վճարում կատարելը: Բաժանորդը, վճարելով մատուցված Ծառայությունների համար, հաստատում է այն, որ Օպերատորի կողմից ներկայացված հաշիվը չի վիճարկում:
8.9. Հաստատված հաշիվը հավաստում է նշված ամսվա համար մատուցված Ծառայությունների ընդունումը:
8.10. Օպերատորը Բաժանորդի հաշվի, ինչպես նաև նրան մատուցված Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը պարտավոր է պահպանել 1 (մեկ) տարի, որից հետո Օպերատորը կարող է մերժել Բաժանորդին նրա հաշվի կամ նրան մատուցված Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:
8.11. Բաժանորդի վճարման պարտավորությունը համարվում է կատարված վճարման ենթակա գումարը Օպերատորի բիլինգային համակարգ/բանկային հաշվին մուտքագրման պահին:
8.12. Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինիս անունից և համար գործող:
8.13. Բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա Օպերատորը կարող է ուղղումներ կատարել սխալ վճարումներում, ներառյալ սխալ վճարման փոխանցումը Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը: Օպերատորը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով Բաժանորդի կրած վնասների համար:
8.14. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ ծառայությունների համար Բաժանորդից գանձվող գումարները կարող են Բաժանորդի անձնական հաշվում արտացոլվել ուշացումով:
8.15. Օպերատորն իրավունք ունի օգտագործելու Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի կամ/և կանխավճարային գումարը Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար:
8.16. Բաժանորդային պայմանագրի շրջանակներում ընտրված բոլոր Սակագնային պլանների (փաթեթների) հաշվառումը բիլինգային համակարգում իրականացվում է մեկ անձնական հաշվով և մեկ ընդհանուր հաշվեկշռով: Սա նշանակում է, որ առանձին Սակագնային պլանի (փաթեթի) կամ ծառայության մակարդակում հաշվառում չի իրականացվում, և մատուցված ծառայությունների դիմաց հաշվեգրումները նվազեցնում են ընդհանուր հաշվեկշիռը, իսկ կատարված վճարումները բարձրացնում են հաշվեկշիռը: Ընտրանքային վճարման հնարավորություն անձնական հաշվում ներառված առանձին ծառայության համար Բաժանորդին չի տրամադրվում:
9. Ծառայությունների մատուցման սահմանափակումը, կասեցումը, դադարեցումը և Բաժանորդային պայմանագրի լուծումը
9.1. Օպերատորն իրավունք ունի առանց Բաժանորդին նախօրոք ծանուցելու միակողմանի կասեցնելու Բաժանորդին մատուցվող Ծառայությունները, ինչպես նաև ապամոնտաժել իր մալուխներն ու Սարքավորումը այն դեպքում, երբ վերջինս մինչև Պայմաններով նախատեսված Ծառայությունների համար վճարման ժամկետի վերջին օրը վճարում չի կատարել: Օպերատորը կարող է գանձել վճար` կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքավորումը կրկին տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար: Ամեն դեպքում Ծառայությունների մատուցման կասեցումը և/կամ Սարքավորման, մալուխի ապամոնտաժումը չի ազատում Բաժանորդին իր պարտքի մնացած գումարը (վճարը) Օպերատորին վճարելու պարտավորությունից:
9.2. Օպերատորն իրավունք ունի սահմանափակել կամ կասեցնել Ծառայությունների մատուցումը նաև այն դեպքերում, երբ.
9.2.1. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է չuերտիֆիկացված կամ Օպերատորի կողմից հայտարարված տեխնիկական պայմաններին չհամապատասխանող Վերջնակետային uարքավորումներ կամ սարքեր, կամ
9.2.2. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է այնպիuի վերջնակետային uարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են Օպերատորի ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից oգտվելու` ուրիշների հնարավորությանը, կամ
9.2.3. Սահմանափակումը կամ կաuեցումն անհրաժեշտ է uարքավորումների կամ Ցանցի, գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար, կամ
9.2.4. Բաժանորդը խախտում է Պայմանները, կամ
9.2.5. Օպերատորը հայտնաբերում է, որ Բաժանորդը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել Ծառայությունների համար դիմելիu և այդ տվյալները կարող են վնասակար լինել:
9.3. Բաժանորդն իրավունք ունի Ծառայությունների մատուցումը մինչև 60 (վաթսուն) օր ժամկետով անվճար կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու Օպերատորին՝ նախատեսված կասեցման օրվանից առնվազն 1 (մեկ) օր առաջ` նշելով Ծառայությունների մատուցումը կասեցնելու կոնկրետ ժամանակահատվածը և վճարելով համապատասխան վճարը և Ծառայությունների դիմաց գոյացած պարտքը դիմումի ներկայացման օրվա դրությամբ: Բաժանորդն իրավունք ունի Ծառայությունների մատուցումը կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու Օպերատորին մեկ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, ընդ որում` կասեցման ժամկետների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 12 (տասներկու) ամիսը: Բաժանորդի կողմից Դիմումում նշված Ծառայությունների մատուցումը ժամանակավորապես կասեցնելու ժամկետը լրանալուց հետո Բաժանորդին մատուցվող Ծառայություններն ավտոմատ կերպով վերսկսվում են: Սույն կետի իմաստով Բաժանորդն իրավունք ունի կասեցնելու Բաժանորդային պայմանագրով ընտրված Ծառայություններից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին:
9.4. Պայմաններով սահմանված վճարման ժամկետի ավարտից հետո այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում` Պայմանագիրը կհամարվի լուծված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը մինչև Ծառայությունների ամբողջությամբ կասեցմանը հաջորդող երկրորդ ամսվա 25-ը (ներառյալ) չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար, ընդ որում՝ ամբողջությամբ կատարելով Օպերատորի հանդեպ պարտավորությունները:
9.5. Բաժանորդի դիմումի հիման վրա կամ սույն Պայմաններով կամ Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման հիմքով Բաժանորդային պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է Օպերատորին վճարել մինչև Բաժանորդային պայմանագրի լուծումը փաստացի մատուցված Ծառայությունների արժեքը, ներառյալ ամսական բաժանորդային վճարը (եթե Բաժանորդին մատուցված Ծառայության համար Օպերատորի կողմից սահմանված է ամսական բաժանորդային վճար):
9.6. Բաժանորդային պայմանագրի ցանկացած հիմքով լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է վերադարձնել Սարքավորումը և դրա տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն այն վիճակում, ինչ վիճակում դրանք ստացել էր Օպերատորից` հաշվի առնելով Սարքավորման բնականոն մաշվածությունը: Սարքավորման, դրա տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները Բաժանորդի կողմից Օպերատորին Պայմաններին համապատասխան վերադարձնելու փաստը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով: Բաժանորդի կողմից Սարքավորումը և/կամ դրա տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն Օպերատորին վերադարձնելուց հրաժարվելու կամ դրանց վերադարձի անհնարինության դեպքում Բաժանորդը պարտավոր է Օպերատորին վճարել հանձնման-ընդունման ակտում կամ Բաժանորդային պայմանագրում նշված արժեքը:
9.7. Օպերատորը կասեցնում է Ծառայության մատուցումը, եթե Բաժանորդը ժամանակին չի վճարել Ծառայության համար՝ դրանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ էլ. փոստի, SMS-ի կամ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնելով Բաժանորդին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
9.8 Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Բաժանորդային պայմանագրի սկզբնական գործողության ժամկետի, ինչպես նաև երկարաձգման արդյունքում սահմանված գործողության յուրաքանչյուր ժամկետի ավարտի վերաբերյալ Օպերատորը ծանուցում է Բաժանորդին Բաժանորդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ կարճ հաղորդագրություն (SMS) կամ էլեկտրոնային նամակ ուղարկելու միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց: Ծանուցումը ներառում է Բաժանորդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտի, ինքնաբերաբար երկարաձգման պայմանների, իսկ որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգման դեպքում նաև տեղեկատվություն այն մասին, որ Բաժանորդը կարող է առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնել Բաժանորդային պայմանագրի գործողությունը՝ դրա գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո 30 օրվա ընթացքում: Մինչև Բաժանորդային պայմանագրի լուծումը մատուցված և սակագրված ծառայությունների դիմաց վճարելու՝ Բաժանորդի պարտավորությունը շարունակում է գործել մինչև դրա ամբողջական կատարումը:
10. Պայմաններում, Սակագնային պլաններում (փաթեթներում), սակագներում և/կամ կանոններում փոփոխությունները
10.1. Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) Պայմաններում, Սակագնային պլաններում (փաթեթներում), սակագներում և/կամ կանոններում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին` դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 3 (երեք) օր առաջ Օպերատորի պաշտոնական վեբ‑կայքում այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունների կամ լրացումների մասին Բաժանորդներին էլեկտրոնային նամակների կամ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցելով, բացառությամբ այն դեպքերի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց: Պայմաններում, կիրառվող Սակագնային պլաններում (փաթեթներում), սակագներում և/կամ կանոններում նախատեսվող՝ Բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Օպերատորը պարտավոր է դրանց ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակել իր պաշտոնական վեբ‑կայքում, ինչպես նաև այդ փոփոխությունների կամ լրացումների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային նամակների կամ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ուղարկել Բաժանորդներին, բացառությամբ այն դեպքերի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց:
10.2. Պայմանների 10.1 կետի համաձայն Օպերատորի կողմից առաջարկված՝ Բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների կամ լրացումների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու Բաժանորդային պայմանագիրը մինչև փոփոխությունների կամ լրացումների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետի լրանալը (բացառությամբ եթե այդ փոփոխությունները կամ լրացումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության պահանջներով)` այդ մասին գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Օպերատորին, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ Օպերատորի կողմից և Բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի Բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
10.3. Պայմանների 10.2. կետում նշված դեպքում Բաժանորդային պայմանագրի միակողմանի կարգով լուծման արդյունքում Բաժանորդից որևէ հավելյալ վճար (տույժ, տուգանք կամ հրաժարագին) չի կարող գանձվել: Միևնույն ժամանակ, մինչև Բաժանորդային պայմանագրի լուծումը Օպերատորի կողմից Բաժանորդին մատուցված և սակագրված ծառայությունների դիմաց վճարելու՝ Բաժանորդի պարտավորությունը շարունակում է գործել մինչև դրա ամբողջական կատարումը:
11. Տեղեկությունների տրամադրումը և ծանուցումները
11.1. Բոլոր այն տեղեկությունները, որոնք Օպերատորը պարտավոր է տրամադրել Բաժանորդին, զետեղվում են Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում, հասանելի են դառնում Օպերատորի սպասարկման կենտրոններում և/կամ վաճառքի բաժնի կողմից տրամադրված նյութերում` բացառությամբ այն տեղեկությունների, որոնց համար Պայմաններով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է տրամադրման այլ ձև:
11.2. Օրենքով, Բաժանորդային պայմանագրով նախատեսված կամ այլ դեպքերում, երբ Օպերատորը պարտավոր է գրավոր ծանուցում ուղարկել Բաժանորդին, գրավոր ծանուցումը Բաժանորդին է հանձնվում Օպերատորի Վաճառքի բաժնի ներկայացուցչի կողմից կամ Բաժանորդային պայմանագրում նշված հասցեին ուղարկվում է պատվիրված նամակ կամ Բաժանորդային պայմանագրում նշված էլ. հասցեին ուղարկվում է էլ. նամակ և/կամ ուղարկվում է SMS հաղորդագրություն: Ծանուցման նշված եղանակներից յուրաքանչյուրը համարվում է պատշաճ ծանուցում` անկախ այն հանգամանքից` Բաժանորդն իրականում ստացել է ծանուցումը, թե ոչ: Բաժանորդի կողմից Օպերատորին ուղարկված կամ վաճառքի բաժնի ներկայացուցիչի կողմից տրամադրված գրավոր ծանուցումն ստանալուց հրաժարվելը համարվում է պատշաճ ծանուցում:
11.3. Բաժանորդի կողմից Օպերատորին ուղղված ցանկացած գրավոր դիմում կամ ծանուցում պետք է հանձնվի Օպերատորի վաճառքի բաժնի ներկայացուցչին, Օպերատորի որևէ սպասարկման կենտրոն կամ ուղարկվի փոստային ծառայության միջոցով (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, 0015, Արգիշտի 4/1) կամ Պայմանների 4.18 կետում նշված էլեկտրոնային հասցեին: Օպերատորի սպասարկման կենտրոնների մասին տեղեկությունները հրապարակվում են Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում:
12. Անձնական տվյալներ մշակելու համաձայնությունը ստանալու նպատակով անձնական տվյալների սուբյեկտին (Բաժանորդին) ներկայացվող ծանուցումը և Բաժանորդի համաձայնությունը
12.1. Օպերատորի կողմից Բաժանորդին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, Օպերատորի տեղեկատվական շտեմարաններ վավեր տվյալներ մուտքագրելու, շտեմարաններում առկա տվյալներն արդիականացնելու և ճշգրտելու, շտեմարաններում առկա տվյալների միջոցով ապաանձնավորված վերլուծություններ իրականացնելու, մատուցվող ծառայությունների հետ կապված խարդախության դեպքերը կանխելու/բացահայտելու նպատակով Օպերատորին անհրաժեշտ է մշակել, ներառյալ՝ հավաքել, ամրագրել, մուտքագրել, համակարգել, կազմակերպել, պահպանել, օգտագործել, վերափոխել, վերականգնել, փոխանցել, ուղղել կամ այլ կերպ մշակել Բաժանորդի անձնական տվյալները:
12.2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը սույն ծանուցման հիման վրա անձնական տվյալների սուբյեկտի՝ Բաժանորդի գրավոր համաձայնությունն է:
12.3. Մշակման ենթակա անձնական տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, լուսանկար, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, ՀՀ տարածքում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, ռեզիդենտություն, հաշվառման և/կամ բնակության հասցե, կոնտակտային տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ:
12.4. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողություններ. Բաժանորդային պայմանագրի կնքման շրջանակում Բաժանորդի կողմից Օպերատորին փոխանցվող, ինչպես նաև Օպերատորի հարցման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերից Օպերատորին փոխանցվող՝ սույն ծանուցման 12.3 կետում նշված կրիպտավորված անձնական տվյալները մշակվում են Օպերատորի՝ տեղեկատվական անվտանգության ISO 27001 ստանդարտի պահանջներին համապատասխանող համակարգերում՝ Պայմանների 11.1. կետում նշված եղանակներով և նույն կետում նշված նպատակներն իրականացնելու համար:
12.5. Անձնական տվյալները կարող են փոխանցվել 3-րդ անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի որոշակի սակագնային պլանով (փաթեթով) ծառայությունները մատուցվում են գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: Վերջին դեպքում անձնական տվյալների փոխանցումը կարող է իրականացվել գործընկեր կազմակերպության հանդեպ Բաժանորդի չկատարված պարտավորությունների կատարումը (այդ թվում՝ դատական կարգով) ապահովելու նպատակով:
12.6. Բաժանորդն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, Օպերատորից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար:
12.7. Սույն ծանուցման հիման վրա Բաժանորդի համաձայնության գործողության ժամկետը. համաձայնությունը գործելու է Օպերատորի և Բաժանորդի միջև պայմանագրային հարաբերությունների տևողության, ինչպես նաև փաստաթղթերի արխիվացման ամբողջ ժամկետի ընթացքում: Բաժանորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ կանչելու իր համաձայնությունը, ինչի արդյունքում Օպերատորի և բաժանորդի միջև գործող իրավահարաբերությունները կարող են վերանայվել:
12.8. Պայմաններով սահմանված կարգով Օպերատորի և Բաժանորդի միջև Բաժանորդային պայմանագիր կնքելով, ինչպես նաև փոփոխված Պայմանները Բաժանորդի կողմից ամբողջապես ակցեպտավորելով՝ Բաժանորդը տալիս է Պայմանների 12.1. - 12.7. կետերով ներկայացված ծանուցման համաձայն իր անձնական տվյալներն Օպերատորի կողմից մշակելու անվերապահ համաձայնությունը:
13. Վեճերի լուծման կարգը
13.1. Բաժանորդի մոտ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Օպերատորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել նոտարի՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումով: Նման դեպքում Օպերատորն իրավունք ունի նույն դիմումի շրջանակներում պահանջել հօգուտ Օպերատորի Բաժանորդից բռնագանձել նոտարական գործողության վճարը, ինչպես նաև պարտքի գումարի 10%-ի չափով լրացուցիչ գումար՝ որպես Օպերատորի իրավաբանական ծախսերի մասնակի հատուցում:
13.2. Չհակասելով կետ 12.1.-ի դրույթներին, Կողմերը համաձայնում են, որ Պայմանագրից բխող կամ Պայմանագրի հետ կապված ցանկացած վեճ Օպերատորի կողմից կարող է հանձնվել նաև արբիտրաժի լուծմանը ստորև նշված որևէ արբիտրաժային հաստատություն՝ - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային հաստատություն,
- «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ,
- «Արբիտրաժ» ՍՊԸ-ին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարան:
Արբիտրաժը, այդ թվում՝ արբիտրաժի ընթացքում ցանկացած հաղորդակցություն և/կամ ծանուցում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և դիմելու պահին համապատասխան արբիտրաժային հաստատության կողմից սահմանված կանոնների (այսուհետ՝ «Արբիտրաժային կանոններ») համաձայն: Արբիտրաժի անցկացման վայրը Երևանն է։ Արբիտրաժի լեզուն հայերենն է։ Արբիտրաժային տրիբունալը կազմվում է մեկ արբիտրից, ով նշանակվում է Արբիտրաժային կանոնների համաձայն։ Արբիտրաժն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ բացառելով բանավոր լսումները, եթե արբիտրաժային տրիբունալը չորոշի այլ կերպ: Արբիտրաժային տրիբունալի կողմից վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերին համապատասխան: Հակընդդեմ և փոխկապակցված պահանջները քննվում են նույն արբիտրաժային տրիբունալի կողմից, որը քննում է սկզբնական հայցը: Արբիտրաժային տրիբունալի վճիռը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
13.3. Եթե որևէ պատճառով արբիտրաժը դառնում է անհնար կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կայացված վճիռը դառնում է անգործադրելի, համապատասխան վեճի լուծումը ենթակա է Օպերատորի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի (ՀՀ, ք. Երևան, 0015, Արգիշտի 4/1) ընդհանուր իրավասության դատարանների բացառիկ իրավասությանը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: